• Թերապևտիկ ծառայություններ
    Թերապևտիկ ծառայություններ
  • Թերապևտիկ ծառայություններ
    Թերապևտիկ ծառայություններ
  • Թերապևտիկ ծառայություններ
    Թերապևտիկ ծառայություններ
  • Թերապևտիկ ծառայություններ
    Թերապևտիկ ծառայություններ

Ինչու՞ են սառչում ոտքերը. մասնագետը պատասխանում է ընթերցողների հարցերին

Ինչու՞ են սառչում ոտքերը. մասնագետը պատասխանում է ընթերցողների հարցերին

«Նաիրի» ԲԿ թերապևտ Ռուզաննա Ամյանը՝ պատասխանելով ընթերցողների հարցին, թե ինչո՞ւ են սառչում ոտքերը, նշել է, որ վերջին շրջանում հաճախ են լսում այսպիսի գանգատ։  
Ըստ նրա՝ պատճառները բազմաթիվ են: Ընդունված է առանձնացնել ախտաբանական և ֆիզիոլոգիական պատճառները:

Ախտանիշն ախտաբանական է համարվում, երբ այն կապված է որոշ հիվանդությունների հետ, օրինակ, շաքարային դիաբետ, հիպոթիրիոզ, սրտային անբավարարություն, զարկերակային հիպերտենզիա, հիպոտենզիա, սակավարյունություն, անոթային հիվանդություններ` էնդարտերիիտ, թրոմբոզ, Ռեյնոյի հիվանդություն և այլն:

Մասնագետը բացատրում է, որ վերոնշյալ բոլոր հիվանդությունների ժամանակ տեղի է ունենում միկրոցիրկուլյացիայի խանգարում վերջույթներում. արյան մատակարարման խանգարում փոքր անոթներում կամ ջերմակարգավորման գործընթացների խանգարում, ինչպես օրինակ` հիպոթիրեոզի ժամանակ:

Ֆիզիոլոգիական պատճառները պայմանավորված են տարիքային առանձնահատկություններով: Օրինակ, երեխաների մոտ վատ են արտահայտված ջերմակարգավորման գործընթացները, իսկ մեծահասակների մոտ, ինչպես բոլոր գործընթացները, այդ թվում նաև` ջերմակարգավորման գործընթացը, նվազած է: Բացի այդ, նրանք ունենում են որոշ տարիքային անոթային փոփոխություններ, նաև ավելի քիչ են շարժվում, քան` երիտասարդները:

Ֆիզիոլոգիական է համարվում նաև ադինամիան` անշարժությունը, որը բավականին հրատապ թեմա է վերջին տարիներին: Պատճառներից մեկը նաև ոչ պատշաճ սննդակարգն է: Շատ հաճախ դիմում են պացիենտներ, ովքեր նշում են գանգատները և պարզվում է, որ նրանք տևական ժամանակ հետևել են, այսպես կոչված, մոդայիկ սննդակարգերի՝ զրկելով օրգանիզմը կարևոր միկրոէլեմենտներից, վիտամիններից և այլն:

Բժշկուհու խոսքով ՝ ոտքերի սառչելը կարող է պայմանավորված լինել որոշ սովորություններով. ծխելու, ոտքերը խաչաձև դնելու, որի ժամանակ նույնպես ստորին վերջույթներում արյան շրջանառությունը լինում է անբավարար:

Պատճառները պարզելու համար բժշկուհին խորհուրդ է տալիս, առաջին հերթին, հետազոտվել: Եթե հետազոտության ժամանակ հայտնաբերվում են հիվանդություններ, ապա հարկ է դիմել մասնագետի և ստանալ համապատասխան բուժում: Եթե չկա ախտաբանություն, ապա խորհուրդները պարզ են՝ վերանայել ֆիզիկական ակտիվությունն ու սննդակարգը, հագնվել եղանակին համահունչ։ Կոնտրաստային ցնցուղը ևս կարող է օգտակար լինել, ինչը ոտքերում արյան շրջանառությունը կարգավորելու համար լավ միջոց է, սակայն երակների վարիկոզ լայնացման դեպքում այն խորհուրդ չի տրվում։

 

2 հունիսի 2020