Գլխավոր / Լուրեր / Ինչու՞ են սառչում ոտքերը. մասնագետը պատասխանում է ընթերցողների հարցերին

Լուրեր

Ինչու՞ են սառչում ոտքերը. մասնագետը պատասխանում է ընթերցողների հարցերին

02 Հունիս 2020 | Լուրեր | Թերապիա | Ռուզաննա Մերուժանի Ամյան

«Նաիրի» ԲԿ թերապևտ Ռուզաննա Ամյանը՝ պատասխանելով ընթերցողների հարցին, թե ինչո՞ւ են սառչում ոտքերը, նշել է, որ վերջին շրջանում հաճախ են լսում այսպիսի գանգատ։  

Ըստ նրա՝ պատճառները բազմաթիվ են: Ընդունված է առանձնացնել ախտաբանական և ֆիզիոլոգիական պատճառները:

Ախտանիշն ախտաբանական է համարվում, երբ այն կապված է որոշ հիվանդությունների հետ, օրինակ, շաքարային դիաբետ, հիպոթիրիոզ, սրտային անբավարարություն, զարկերակային հիպերտենզիա, հիպոտենզիա, սակավարյունություն, անոթային հիվանդություններ` էնդարտերիիտ, թրոմբոզ, Ռեյնոյի հիվանդություն և այլն:

Մասնագետը բացատրում է, որ վերոնշյալ բոլոր հիվանդությունների ժամանակ տեղի է ունենում միկրոցիրկուլյացիայի խանգարում վերջույթներում. արյան մատակարարման խանգարում փոքր անոթներում կամ ջերմակարգավորման գործընթացների խանգարում, ինչպես օրինակ` հիպոթիրեոզի ժամանակ:

Ֆիզիոլոգիական պատճառները պայմանավորված են տարիքային առանձնահատկություններով: Օրինակ, երեխաների մոտ վատ են արտահայտված ջերմակարգավորման գործընթացները, իսկ մեծահասակների մոտ, ինչպես բոլոր գործընթացները, այդ թվում նաև` ջերմակարգավորման գործընթացը, նվազած է: Բացի այդ, նրանք ունենում են որոշ տարիքային անոթային փոփոխություններ, նաև ավելի քիչ են շարժվում, քան` երիտասարդները:

Ֆիզիոլոգիական է համարվում նաև ադինամիան` անշարժությունը, որը բավականին հրատապ թեմա է վերջին տարիներին: Պատճառներից մեկը նաև ոչ պատշաճ սննդակարգն է: Շատ հաճախ դիմում են պացիենտներ, ովքեր նշում են գանգատները և պարզվում է, որ նրանք տևական ժամանակ հետևել են, այսպես կոչված, մոդայիկ սննդակարգերի՝ զրկելով օրգանիզմը կարևոր միկրոէլեմենտներից, վիտամիններից և այլն:

Բժշկուհու խոսքով ՝ ոտքերի սառչելը կարող է պայմանավորված լինել որոշ սովորություններով. ծխելու, ոտքերը խաչաձև դնելու, որի ժամանակ նույնպես ստորին վերջույթներում արյան շրջանառությունը լինում է անբավարար:

Պատճառները պարզելու համար բժշկուհին խորհուրդ է տալիս, առաջին հերթին, հետազոտվել: Եթե հետազոտության ժամանակ հայտնաբերվում են հիվանդություններ, ապա հարկ է դիմել մասնագետի և ստանալ համապատասխան բուժում: Եթե չկա ախտաբանություն, ապա խորհուրդները պարզ են՝ վերանայել ֆիզիկական ակտիվությունն ու սննդակարգը, հագնվել եղանակին համահունչ։ Կոնտրաստային ցնցուղը ևս կարող է օգտակար լինել, ինչը ոտքերում արյան շրջանառությունը կարգավորելու համար լավ միջոց է, սակայն երակների վարիկոզ լայնացման դեպքում այն խորհուրդ չի տրվում։


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն