Պացիենտի կրթություն

Լեղաքարային հիվանդություն

Լեղաքարային հիվանդությանը (խոլելիթիազ) բնորոշ է լեղապարկում, երբեմն լեղածորաններում քարագոյացումը, որը կարող է պայմանավորված լինել լեղականգով, նյութափոխանակության խանգարումներով, լեղապարկի բորբոքումով:

Հիվանդությունն առաջանում է աստիճանաբար: Հիվանդը, հաճախ, երկար տարիներ բերանում դառնություն Է զգում, ծանրություն` աջ թուլակողում (կողերի տակ), որոնք առաջանում են հատկապես տապակած միս, յուղոտ, ապխտած, թթու դրած սննդամթերք, գինի կամ օղի օգտագործելուց հետո: Նշված ախտանշանները նկատելիս պետք է դիմել բժշկի, որի հանձնարարած անձնական պահվելակարգն ու սննդակարգը կբարելավեն հիվանդի ինքնազգացողությունը և կօգնեն խուսափել հիվանդության սրացումներից: Բայց հաճախ հիվանդները բժշկի դիմում են աջ թուլակողում սուր ցավի նոպայից հետո: Ցավը տարածվում է աջ թիակի և անրակի ուղղությամբ (այսպես կոչված` լյարդային խիթ): Նշված նոպաները, սովորաբար, առաջանում են լեղապարկում քարեր գոյանալուց հետո, որի պատճառով հաճախ վիրահատության անհրաժեշտություն է լինում:

Լեղաքարային հիվանդության առաջացմանը նպաստում են շատակերությունը, քրոնիկական փորկապությունը և թերշարժուն ապրելակերպը, ինչպես նաև լեղապարկի և լեղածորանների կառուցվածքի անհատական տարբերությունները (երբեմն նաև` նախկինում տարած հիվանդությունների հետևանքով գոյացած սպիները, կպումները), ոչ կանոնավոր` մեծ ընդմիջումներով սնվելը: Որոշ նշանակություն ունի ժառանգական նախատրամադրվածությունը, որով պայմանավորված հաճախ կարող են հիվանդանալ նույն ընտանիքի անդամները կամ նրանց հետագա սերունդները:

Լեղականգի կամ նյութափոխանակության խանգարման հետևանքով լեղու մեջ նվազում է լեղաթթուների պարունակությունը, որոնց հիմնական բաղադրիչները` խոլեսթերինը և բիլիռուբինը (լեղագունակ), նստվածք են տալիս և քարագոյացման պատճառ դառնում:

Լեղաքարային հիվանդության սրացման փուլում անպայման պետք է դիմել բժշկի և խստորեն կատարել նրա խորհուրդները: Նոպաների միջև ժամանակահատվածում անհրաժեշտ է պահպանել սննդակարգը և սնուցման ժամանակակարգը: Լեղականգը կանխելու համար անհրաժեշտ է քիչ, բայց հաճախ` օրական 4-5 անգամ ուտել: Սնունդը պետք է լինի լիարժեք, սպիտակուցների, ճարպերի և թարմ բանջարեղենի բավարար, իսկ կարագի և բուսական յուղի սահմանափակ քանակներ: Միսը, ձուկը հարկ է օգտագործել եփած կամ շոգեխաշած վիճակում: Խորհուրդ չի տրվում ուտել սոխ, թրթնջուկ, սպանախ, կծու և գրգռիչ մթերք: Հիմնային հանքային ջրերը պետք է օգտագործել բժշկի նշանակմամբ:

Լեղին լյարդի գեղձային բջիջների կողմից արտադրվող դեղնադարչնավուն հեղուկ արտազատուկն է: Լեղին անհրաժեշտ է մարդու և կենդանիների աղիներում ճարպերի ու ճարպանման նյութերի ֆիզիկական, քիմիական մշակման, դրանք մարսելի դարձնելու և ներծծումը հեշտացնելու համար: Լեղին` լեղածորանից դեպի 12-մատնյա աղիք հոսելով, օրգանիզմից հեռացնում է հեմոգլոբինի, խոլեսթերինի և այլ միացությունների փոխանակության վերջնանյութերը:

Լեղու հիմնական բաղադրիչներն են լեղաթթուների աղերը, ֆոսֆոլիպիդները (կազմում են պինդ մնացորդի հիմնական մասը), բիլիռուբինը, սպիտակուցները և ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերը (հորմոններ, վիտամիններ): Լյարդն անընդհատ լեղի է արտադրում: Մարսողության խաթարումների դեպքում չօգտագործված լեղին պահեստավորվում է լեղապարկում և, սնունդ ընդունելուց հետո, աստիճանաբար արտահոսում դեպի աղիքներ:

Մարդու լեղու քիմիական կազմը, հատկությունները և քանակը շարունակ փոփոխվում են վիրուսային և մանրէային ծագման լյարդաբորբերի և տարբեր այլ հիվանդությունների, այդ թվում նաև` լեղաքարային հիվանդության դեպքում: Այդ փոփոխությունները կարևոր ախտորոշիչ նշանակություն ունեն, ուստի հայտնաբերվում են արյան մեջ լեղու պարունակության և դրա բաղադրիչների մակարդակը որոշող լաբորատոր կենսաքիմիական հետազոտություններով:

Կենդանիների (հիմնականում խոշոր եղջերավորներ) լեղին կիրառվում է որպես դեղանյութ (պահածոյած բժշկական լեղի): Հոդերի բորբոքային կամ կառուցվածքային փոփոխություններով ընթացող հիվանդությունների, նյարդարմատների, ջլերի բորբոքումների ժամանակ լեղին երբեմն օգտագործում են կոմպրեսների համար: Պահածոյած բժշկական լեղիով բուժումը կատարվում է բժշկի նշանակմամբ:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն