Գլխավոր / Կլինիկական դեպքեր / Առաջին անգամ, բացառիկ վիրահատություն Հայաստանում

Կլինիկական դեպքեր

Առաջին անգամ, բացառիկ վիրահատություն Հայաստանում

12 Հուլիս 2019 | Գաստրոէնտերոլոգ | Անդրանիկ Իսրայելի Ադամյան

Առաջին վիրաբուժական բաժանմունքի թիմը՝ պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ, Նաիրի բժշկական կենտրոնում կատարել է Դունբար հազվադեպ հանդիպող համախտանիշով հիվանդի լապարոսկոպիկ վիրահատություն։

«Դունբարի համախտանիշը» դրսևորվում է խրոնիկ, պարբերական որովայնային ցավով, որը կապված է միջին աղեղնաձև կապանի կողմից ցողունային զարկերակի սեղմման հետ։ Սա նաև անվանում են «որովայնային աքսիսի համախտանիշ», «միջին աղեղնաձև կապանի համախտանիշ» կամ «որովայնային զարկերակի սեղմում»։ Սա քիչ հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն բնորոշվում է սննդի ընդունումից հետո որովայնային ցավով, քաշի անկումով, երբեմն էլ ցողունային զարկերակի աղմուկով։ Ախտորոշումը հիմնականում կատարվում է բացառության սկզբունքով՝ հաշվի առնելով, որ ախտանշանները համընկնում են խրոնիկ աղիքային իշեմիայի տարբեր տեսակների հետ։

Դունբարի համախտանիշով տառապող հիվանդների մոտ ամենատարածված ախտանշանը որովայնային ցավերն են, որ սկսվում են հատկապես սնունդ ընդունելուց հետ։ Հիվանդները նշում են ցավ էպիգաստրալ շրջանում։ Ցավեր կարող են սկսվել ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով, սակայն կարող են լինել նաև հանգիստ ժամանակ։ Հիվանդների մոտ 94 տոկոսի մոտ նկատվում են նմանատիպ ցավեր։ Որովայնային ցավը կարող է ուղեկցվել սրտխառնոցով, փսխումով կամ լուծով։

Որովայնի ցավը կարող է թեթևանալ դիրքի փոփոխությունից, առաջ ձգվելով կամ ծնկները կրծքավանդակին մոտեցնելով։

Բուժումը վիրահատական է․ կատարվում է որովայնային աքսիսի սեղմման թուլացում։ Ցողունային զարկերակի թուլացումը կարող է կատարվել բաց վիրահատական կամ լապարոսկոպիկ մեթոդով։


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն