Գլխավոր / Հանրամատչելի հոդվածներ / Խոլեսթերինի մակարդակը. ի՞նչ է նշանակում բարձր կամ ցածր խոլեսթերին

Հոդվածներ

Խոլեսթերինի մակարդակը. ի՞նչ է նշանակում բարձր կամ ցածր խոլեսթերին

23 Փետրվար 2021 | Հանրամատչելի հոդվածներ | Սրտանոթաբանություն

«Խոլեսթերին» հասկացության հետ ծանոթ է գրեթե յուրաքանչյուրը։ Խիստ բժշկական համարվող այս տերմինը վերջերս սկսել է ամենուրեք կիրառվել։ Արտադրողները, գովազդելով իրենց մթերքը, հավատացնում են գնորդին. «Այն լավն է, քանի որ չի պարունակում խոլեսթերին»։ Սննդաբանները մշակում են ծրագրեր, որոնք նպաստում են խոլեսթերինի դուրս բերմանը և օրգանիզմի առողջացմանը։

Սակայն, արդյո՞ք ամեն ինչ է հայտնի այս բաղադրիչի մասին։ Ո՞րն է խոլեսթերինի նորման։ Եվ արդյո՞ք միշտ պետք է նվազեցնել վերջինիս մակարդակը։

Խոլեսթերին. ի՞նչ է և ինչի՞ համար է պետք:

Շատերը համոզված են, որ խոլեսթերինը վնասակար բաղադրիչ է, որը մարդը ստանում է սննդի հետ։ Այդ պատճառով դրա դեմ պետք է պայքարել ցանկացած ճանապարհով։ Այս պնդումը մասամբ է ճիշտ։ Խոլեսթերինը միշտ չէ, որ վնասակար է։ Ավելին, առանց դրա մարդու օրգանիզմը չի կարող ճիշտ գործել։ Այդպիսով, ի՞նչ է նշանակում խոլեսթերինը մարդու համար։

«Խոլեսթերին» տերմինի տակ հասկանում են միացություն, որն ապահովում է ճարպային փոխանակության ընթացքը և պատկանում է լիպիդների դասին։ Մարդու օրգանիզմը կարող է ինքնուրույն սինթեզել տվյալ նյութը։ Այդ գործընթացը տեղի է ունենում լյարդում և աղիներում։ 

Ամբողջ խոլեսթերինի գրեթե 80%-ն արտադրվում է օրգանիզմի կողմից և միայն 20%-ն է ստանում սննդից։

Խոլեսթերինի դերը

Այս օրգանական նյութն ապահովում է բազմաթիվ գործընթացների բնական ընթացքը, առանց որի մարդը չի կարող նորմալ ապրել։

Բժիշկները նշում են խոլեսթերինի հետևյալ ֆունկցիաները.

  • մասնակցում է բջջաթաղանթի ձևավորմանը, որը բջիջը պաշտպանում է արտաքին ազդեցություններից,
  • միելինային թաղանթների պարտադիր բաղադրիչներից է (նյարդաթելերի պաշտպանիչ շերտի),
  • թաղանթներին ամրություն է հաղորդում,
  • նպաստում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ վիտամին D-ի առաջացմանը,
  • կարգավորում է թաղանթների թափանցելիությունը, ինչի շնորհիվ բջջի մեջ կարող են ներթափանցել սննդանյութեր,
  • ապահովում է լեղագոյացման գործընթացը,
  • մասնակցում է ճարպալույծ վիտամինների փոխանակությանը,
  • պաշտպանում է էրիթրոցիտները (արյան բջիջները) հեմոլիտիկ թույներից (ստրեպտոկոկերի, ստաֆիլոկոկերի թույներից և այլն),
  • նպաստում է հորմոնների սինթեզին (սեռական և մակերիկամների կեղևի կողմից արտադրվող),
  • ապահովում է լյարդում ճարպաթթուների արտադրությունը, որոնք ճեղքում և վերամշակում են սննդի հետ ներմուծվող ճարպերը,
  • լավացնում է սերոտոնինային ռեցեպտորների աշխատանքը, որոնք պատասխանատու են լավ տրամադրության համար։

Այսպիսով, խոլեսթերինն անհրաժեշտ է բջիջների ձևավորման և ճիշտ գործունեության համար։ Այն ապահովում է ոսկրերի և մկանների աշխատունակությունը, ապահովում է նյարդաթելերի ֆունկցիոնալությունը։ Այս օրգանական նյութը նպաստում է հորմոնների սինթեզին, մասնակցում է նյութափոխանակությանը, նպաստում է Е, А, К վիտամինների յուրացմանը։

Խոլեսթերինի մակարդակը

Հերքելով խոլեսթերինի վնասի մասին որոշ միֆեր՝ հարկ է նշել, որ նյութն օրգանիզմին օգտակար է միայն այն ժամանակ, երբ նրա մակարդակը տատանվում է նորմայի սահմաններում։ Թույլատրելի են աննշան շեղումներ։ Դրանք պայմանավորված են անհատական առանձնահատկություններով։

Օրգանիզմում խոլեսթերինի մակարդակը որոշելու համար անհրաժեշտ է դիմել թերապևտին։ Մասնագետն արյան քննություն կնշանակի։ Որպեսզի հետազոտությունը ճիշտ արդյունք տա, հետազոտվողը նախօրեին պետք է հրաժարվի ֆիզիկական ծանրաբեռնվածություններից, հրաժարվի ալկոհոլից և արյունը հանձնի քաղցած վիճակում։

Խոլեսթերինի նորման` ըստ տարիքի

Խոլեսթերինի նորման` ըստ տարիքի, համարում են հետևյալ ցուցանիշները (մմոլ/լ ).

  • մինչև 5 տարեկան երեխաները՝ 2.9-5.25,
  • 5-10 տարեկան կրտսեր դպրոցականները՝ 3.13-5.3,
  • 10-15 տ դպրոցականները՝ 3.08-5.23,
  • 15-40 տ երիտասարդները՝ 3.37-6.58 (կանանց համար` մինչև 5.96),
  • 40-60 տ հասուն մարդիկ՝ 4,09-7.38,
  • 60 տարեկանն անց մարդիկ՝ 4.09-7.85։

Նորմայից զգալի շեղումները վկայում են ներքին օրգանների գործունեության խնդիրների մասին։

Բարձր մակարդակ

Որոշ պացիենտների մոտ դիտվում է խոլեսթերինի բարձր մակարդակ։ Դա բավականին տհաճ իրավիճակ է, որը կարող է բերել տարբեր հիվանդությունների զարգացման։ Խոլեսթերինի բարձրացման դեպքում անոթների պատերը կորցնում են իրենց ճկունությունը։ Զարկերակների ներսում սկսում են ձևավորվել աթերոսկլերոտիկ վահանիկներ։ Վերջիններս բերում են հոսքի նեղացման։ Խանգարվում է արյան շրջանառությունը։

Այդ պայմաններում ներքին օրգանները չեն կարող ստանալ բավարար քանակությամբ սննդանյութեր և թթվածին։ Զարգանում է թթվածնային քաղց։ Այս վիճակը հատկապես վտանգավոր է գլխուղեղի և սրտամկանի համար։

Խոլեսթերինի բարձր մակարդակը սպառնում է հետևյալ բարդություններով.

  • կաթված,
  • դեմենցիա,
  • իշեմիկ հիվանդություն,
  • ինֆարկտ,
  • ոտքերի մկանային հյուսվածքների ատրոֆիա,
  • ստորին վերջույթներում արտահայտված ցավային համախտանիշ, 
  • փտախտ։

Որո՞նք են բարձր խոլեսթերինի պատճառները:

Այս օրգանական նյութի խտության բարձրացման կարող են բերել հետևյալ պատճառները.

  1. Սխալ սնուցում։ Սա խնդրի գլխավոր պատճառներից է։ Ճարպային, ապխտած մթերքների չարաշահումը, արագ սնունդը բերում են տխուր հետևանքների։ Ընդ որում, սննդաբանները պնդում են, որ մսի, ձվի կազմի մեջ մտնող խոլեսթերինն այնքան վնասակար չէ, որքան` երշիկեղենը և ճարպը։
  2. Վնասակար սովորություններ։ Ծխելը և սպիրտային խմիչքների չարաշահումը զգալիորեն վատթարացնում են անոթների վիճակը և նպաստում խոլեսթերինի խտության բարձրացմանը։
  3. Թերշարժությունը: Ֆիզիկական ակտիվության պակասը բերում է ընդհանուր արյունամատակարարման դանդաղեցման։ Քիչ շարժունության ֆոնին անոթներում սկսում է խոլեսթերին կուտակվել։
  4. Գենետիկ հիվանդություններ։ Որոշ ախտաբանություններ, որոնք ժառանգաբար են փոխանցվում, ուղեկցվում են խոլեսթերինի բարձր խտությամբ։
  5. Հղիություն։ Այս շրջանում օրգանական նյութի մակարդակը կարող է բարձրանալ։

Խոլեսթերինի բարձր խտությունը կարող է պայմանավորված լինել օրգանիզմում ընթացող հետևյալ հիվանդություններով.

  • աթերոսկլերոզ,
  • շաքարային դիաբետ,
  • երիկամների հիվանդություններ,
  • հիպոթիրեոզ,
  • իշեմիկ հիվանդություն,
  • լյարդի ախտաբանություններ,
  • պոդագրա,
  • ԱՍՈՒ օրգանների աշխատանքի խանգարում։

Ինչպե՞ս նվազեցնել խոլեսթերինը. 4 խորհուրդ

Եթե, ըստ հետազոտության տվյալների, ցուցանիշները բարձր են, պետք է խուճապի չմատնվել։ Հետևեք այս խորհուրդներին.

  1. Դիմեք բժշկի։ Առանց հստակ ախտորոշման և վտանգավոր նյութի բարձր խտության պատճառի հայտնաբերման, վերջինիս մակարդակը կարգավորելը բավականին բարդ է։ Պետք է անպայման հետազոտվել և խստորեն հետևել մասնագետի բոլոր նշանակումներին։
  2. Կարգավորեք սնուցումը։ Սննդակարգից հանելով բոլոր վնասակար մթերքները՝ կարելի է զգալիորեն նվազեցնել խոլեսթերինի ցուցանիշները։
  3. Զբաղվեք սպորտով։ Վերանայեք Ձեր կենսակերպը և ընտրեք Ձեզ հարմար ֆիզիկական ակտիվություն (ֆիթնես, հեծանվասպորտ, լող, զբոսանքներ)։
  4. Հրաժարվեք վնասակար սովորություններից։ Անպայման թողեք ծխելը և լիովին հրաժարվեք ալկոհոլից։ Միայն այս դեպքում կարելի է բուժման դրական արդյունքներ սպասել։

Մի մոռացեք կանոնավոր այցելել բժշկի և արյան մեջ ստուգել խոլեսթերինի մակարդակը։ Դա կօգնի, անհրաժեշտության դեպքում, ժամանակին շտկել բուժումը։

Ցածր մակարդակ

Խոլեսթերինի զգալի բարձրացման հետ կապված խնդիրները հայտնի են գրեթե բոլորին։ Սակայն ինչո՞վ է վտանգավոր վերջինիս նվազումը, մտահոգվում են քչերը։ Որպեսզի հասկանալ, ինչով է վտանգավոր խոլեսթերինի պակասը, պետք է միայն հիշել, թե ինչ ֆունկցիաներ է այն իրականացնում։

Օրգանական նյութի իջեցումը (նորմայից ցածր) կարող է բերել հետևյալ բարդությունների առաջացման.

  • Ճարպակալում,
  • հիպերթիրեոզ,
  • ԱՍՈՒ քրոնիկական հիվանդություններ,
  • օստեոպորոզ,
  • լիբիդոյի իջեցում,
  • վերարտադրողական համակարգի ախտաբանություններ (ընդհուպ` մինչև անպտղություն),
  • հոգեկան խանգարումներ (հնարավոր է սուիցիդի հակվածության դրսևորում),
  • А, D, К, Е հիպովիտամինոզ,
  • հեմոռագիկ կաթված,
  • շաքարային դիաբետ։

Խոլեսթերինի նվազման պատճառները

Որպեսզի հասկանալ` ինչ անել խոլեսթերինի խտության զգալի նվազման դեպքում, պետք է պարզել խնդրի պատճառները։ Ցավոք, գիտնականների ամբողջ ուշադրությունն ուղղված է միայն բարձր մակարդակի վրա։ Այդ պատճառով խոլեսթերինի մակարդակի ախտաբանական նվազումը մինչև վերջ ուսումնասիրված չէ։

  1. Սխալ սնուցում։ Ախտաբանության հիմքում կարող են լինել երկարատև քաղցը, խիստ սննդակարգերը, անոռեքսիան։ Սխալ հաշվեկշռված սննդակարգը (զրկված բավարար քանակությամբ ճարպերից), անառողջ բուսակերությունը հաճախ բերում են օրգանիզմին անհրաժեշտ նյութերի մակարդակի կտրուկ նվազեցման։
  2. Լյարդի հիվանդություններ։ Այս ախտաբանությունների դեպքում խախտվում է օրգանի գործունեությունը։ Հենց լյարդն է սեփական խոլեսթերինի գլխավոր մատակարարը։
  3. ԱՍՈՒ հիվանդություններ։ Տարբեր գործընթացներ, որոնք խանգարում են սննդի նորմալ յուրացմանը, կարող են բերել կարևոր բաղադրիչների, այդ թվում նաև` խոլեսթերինի, հավասարակշռության խանգարման։
  4. Վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումներ։ Այս օրգանի սխալ աշխատանքը կարող է բերել անհրաժեշտ բաղադրիչի անբավարարության։
  5. Ծանր թունավորումներ, վարակներ։ Լուրջ ինտոքսիկացիաները կամ վարակային գործընթացները, որոնք բարդացել են տուբերկուլոզով, սեպսիսով, ցիրոզով, կարող են խոլեսթերինի պակաս առաջացնել։

Ինչպե՞ս բարձրացնել խոլեսթերինը

Գլխավորը՝ ինքնաբուժությամբ չզբաղվել։ Անպայման դիմեք բժշկի։ Միայն մասնագետը կարող է ճիշտ ընտրել բուժումը։ Իսկ որպեսզի բուժումը դրական արդյունք տա, ճիշտ սնվեք և իրականացրեք չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություններ։



Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն