Գլխավոր / Հանրամատչելի հոդվածներ / Իմունիտետ. օրգանիզմի պաշտպանական ռեսուրսները

Հոդվածներ

Իմունիտետ. օրգանիզմի պաշտպանական ռեսուրսները

11 Նոյեմբեր 2021 | Հանրամատչելի հոդվածներ | Թերապիա

Տեղային իմունիտետ (պատնեշային պաշտպանություն վարակից)

Վարակի գործոնների դեմ պաշտպանության առաջին գիծը մաշկը և լորձաթաղանթներն են, որոնք խոչընդոտում են մանրէների ներթափանցումը հյուսվածքներ և անջատում են նյութեր, որոնք ունեն մանրէասպան ազդեցություն։
Կարևոր գործոն է մեխանիկական պաշտպանությունը։ Այսպես, մաշկի վրա հայտնված մանրէները հեռացվում են վերնամաշկի շերտազատման ժամանակ (թեփի առաջացում, որոշ վարակիչ հիվանդությունների ժամանակ` թեփոտում)։ Ներքին օրգանների կողմից անջատվող լորձն ազդում է որպես պաշտպանական պատնեշ, որը խոչընդոտում է էպիթելային բջիջների վրա մանրեների ամրացումը։ Լորձի կողմից կլանված մանրէները և օտարածին մասնիկները հեռացվում են մեխանիկական ճանապարհով՝ էպիթելի թարթիչների շարժման շնորհիվ՝ հազի և փռշտոցի ժամանակ։ Էպիթելի մակերեսը պաշտպանող այլ մեխանիկական գործոններին կարելի է դասել նաև արցունքների, թքի և մեզի կողմից լվացող ազդեցությունը։

Մեխանիկական պաշտպանությունը լրացվում է մաշկայի գեղձերի՝ քրտնագեղձերի և ճարպագեղձերի արտազատիչ (սեկրետոր) գործունեությամբ։ Քրտինքի կաթնաթթուն և ճարպագեղձերի չհագեցած ճարպաթթուներն օժտված են հակամանրէային ազդեցությամբ։ 

Օրգանիզմի կողմից արտադրվող շատ հեղուկներում (արտադրություններում) նույնպես պարունակվում են մանրէասպան բաղադրիչներ.

  • արցունքի մեջ, քթի արտադրության և թքի մեջ՝ լիզոցիմ,
  • ստամոքսահյութում՝ թթուներ,
  • բարակ աղիքում՝ ճարպաթթուների ճեղքման արդյունքներ,
  • սերմնահեղուկում՝ սպերմին և ցինկ,
  • կաթի մեջ՝ լակտոպերօքսիդազա։

Օրգանիզմի արտաքին արտազատուկների մեջ հատուկ պաշտպանական գործառույթ է իրականացնում սեկրետոր իմունոգլոբուլին А-ն (IgA)։ 

Այն պարունակվում է արտազատուկներում և թքագեղձերի, քթի, բերանի, բրոնխների, հեշտոցի, աղիների, միզածորանների, միզապարկի լորձաթաղանթների վրա։ Սեկրետոր իմունոգլոբուլին A-ն լորձաթաղանթի վրա մանրէների կուտակումը և բազմացումը պաշարում է վերջիններիս մակերեսային հակածինների պաշարման ճանապարհով, որոնց օգնությամբ դրանք ամրանում են օրգանների լորձաթաղանթին։

Պատնեշային պաշտպանությունը ինքնատիպ «սաղավարտ» է, որը, ցավոք, թափանցելի է շատ ախտածին գործոնների համար։

Ոչ սպեցիֆիկ իմունային պաշտպանություն (պաշտպանություն բոլոր հարուցիչներից)

Ցանկացած վնասող գործոն, որն ըստ ուժի և տևողության գերազանցում է հյուսվածքի պատնեշային հնարավորությունները, առաջացնում է օրգանիզմի պատասխան պաշտպանական ռեակցիա՝ բորբոքում։ 

Բորբոքային ռեակցիան ներկայացված է երեք երևույթների միասնությամբ.

  • հարուցիչների ճանաչում և վնասում,
  • անոթային ռեակցիա՝ արյան միկրոշրջանառության խանգարում,
  • բջջային ռեակցիա՝ իմուն համակարգի բջիջների միգրացիա բորբոքման օջախ։

Բորբոքային ռեակցիայի հիմնական խնդիրը հարուցչի ոչնչացումն է և/կամ սեփական քայքայված բջիջներից ազատումը։

Առանձնացվում է հարուցիչների ոչնչացման երկու տեսակ.

  • հարուցչի արտաբջջային քայքայում` պաշտպանության հումորալ գործոններով (արյան շիճուկի ակտիվ սպիտակուցներ),
  • ներբջջային չեզոքացում (ֆագոցիտոզ) (վարակված բջիջների կլանում նեյտրոֆիլների և մակրոֆագերի կողմից՝ կառուցվածքների հետագա ֆերմենտատիվ քայքայմամբ)։

Մանրէային բջիջների ներբջջային ոչնչացումը տեղի է ունենում ֆագոցիտների մեջ։ Հարուցչի կլանման գործընթացը՝ նրա կառուցվածքների հետագա քայքայմամբ, կոչվում է ֆագոցիտոզ։ Այդ գրծընթացն իրականացվում է ֆագոցիտների երկու տեսակով՝ նեյտրոֆիլներով և մակրոֆագերով։ Ֆագոցիտոզը վարակիչ գործոններից օրգանիզմի պաշտպանության բավականին հուսալի մեխանիզմ է, սակայն այս համակարգի «միացումը» հնարավոր է միայն ֆագոցիտի և միկրոօրգանիզմի մոտեցման, ֆագոցիտի մակերեսին միկրոօրգանիզմի ամրացման և ֆագոցիտի թաղանթի ակտիվացման պայմաններում, որը բերում է միկրոօրգանիզմի կլանման։ Մանրէային բջիջները ֆագոցիտներում, սովորաբար, ոչնչանում են մի քանի րոպեների ընթացքում։

Պաշտպանության ներբջջային մեխանիզմներն իրականացվում են մի քանի ճանապարհով.

  • Կոմպլեմենտի սպիտակուցային համակարգն արյան մեջ շրջանառող սպիտակուցներից կարևորագույն պաշտպանության գործոնն է։ Այս համալիրը մի շարք կասկադային ռեակցիաների արդյունքում ձեռք է բերում մանրէների բջջաթաղանթը «ծակելու» ունակություն՝ այդպիսով ոչնչացնելով օտարածին բջիջները։
  • Արյան շիճուկի մյուս սպիտակուցները՝ լիզինները, որոնք հիմնականում ոչնչացնում են գրամ-դրական մանրէները, պատկանում են նաև պաշտպանության հումորալ գործոններին։ Սակայն լիզիններն ակտիվ են միայն բավարար քանակությամբ կալցիումի իոնների առկայությամբ։
  • Բնական հակամարմինները մշտապես առկա են արյան շիճուկում՝ անկախ օրգանիզմ օտարածին մանրէների ներթափանցումից։ Այս հակամարմինները, փոխազդելով տարբեր միկրոօրգանիզմների հետ, չեզոքացնում են դրանց թույները։
  • Ինտերֆերոններն արտադրվում են լեյկոցիտների և մակրոֆագերի կողմից՝ ի պատասխան վիրուսների (ինչպես նաև որոշ նախակենդանիների, բակտերիաների և ռիկետցիաների) ազդեցությանը։ Ինտերֆերոնները լայն սպեկտրի ազդեցության հակավիրուսային գործոններ են։ Սինթեզվող ինտերֆերոնն անջատվում է միջբջջային տարածություն, որտեղ կապվում է հարևան բջիջների ռեցեպտորների հետ։ Դա խթանում է սպիտակուցների սինթեզը, որոնք պաշարում են վիրուսների բազմացումը։
  • Հարուցչի արտաբջջային քայքայումը կարող է տեղի ունենալ լեյկոցիտների գրանուլներում գտնվող ավելի քան 60 ակտիվ սպիտակուցների ազդեցությամբ։ Ակտիվ սպիտակուցները դեգրանուլյացիայի ընթացքում լեյկոցիտների գրանուլներից արտազատվում են արտաքին հյուսվածքներ։ Դեգրանուլյացիայի արդյունավետությունն առավել ինտենսիվ զարգանում է խոշոր օտարածին օբյեկտների (հելմինթներ, նախակենդանիներ) նկատմամբ ռեակցիայի ժամանակ, երբ ֆագոցիտն ունակ չէ կլանել այդ օբյեկտը։

Բջջային և հումորալ գործոններն ակտիվորեն լրացնում են միմյանց։

Սպեցիֆիկ իմունային պաշտպանություն (իմունային պատասխան կոնկրետ հարուցչի նկատմամբ)

Երբ բորբոքային ռեակցիաները չեն կարողանում չեզոքացնել հարուցիչները, զարգանում է պաշտպանության առավել նպատակաուղղված գործողություն՝ իմունային պատասխան, որը հարուցչի նկատմամբ գործարկում է բազմամակարդակ իմունային ռեակցիա։ Սպեցիֆիկ իմունային ռեակցիաների զարգացումը պահանջում է իմունային համակարգի գրեթե բոլոր տեսակի բջիջների փոխազդեցություն։
Իմունային պատասխանի առաջին փուլում ֆագոցիտոզի ընթացքում կլանված հարուցիչը վերամշակվում է մակրոֆագի կողմից և իմունոգեն ձևով նրա հակածինը դուրս է բերվում մակերևույթ (հակածնի ներկայացում)։ Հետագայում հատուկ դեր է խաղում Т-հելփերների ակտիվացումը, որը տեղի է ունենում T-հելփերի կողմից մակրոֆագի մակերևույթին գտնվող համապատասխան հակածնային համալիրի ճանաչման ժամանակ (հակածին ներկայացնող բջիջներ)։ Այս շփման արդյունքում T-հելփերներն սկսում են բաժանվել և մի քանի բաժանումից հետո բաժանվում են երկու պոպուլյացիայի։ Մեկն ակտիվացնում է հումորալ իմունային պատասխանի զարգացումը (իմունոգլոբուլինների և հակամարմինների արտադրությունը), իսկ մյուս պոպուլյացիան բջջային իմունիտետի ակտիվացման անհրաժեշտ բաղադրիչն է (ցիտոտոքսիկ Т-լիմֆոցիտներ)։

Հետագայում ցիտոտոքսիկ T-լիմֆոցիտները մշտապես շրջանառում են ամբողջ օրգանիզմում, ինչին նպաստում է նրանց կյանքի տևողությունը (ամիսներ և տարիներ)։ Մշտական շրջանառության շնորհիվ լիմֆոցիտները զարմանալիորեն արագ հայտնվում են «թեժ կետերում»՝ քայքայելով վիրուսներով վարակված բջիջները։

Հումորալ իմունային պատասխանն ապահովվում է B լիմֆոցիտների կողմից արտադրվող իմունոգլոբուլիններով կամ հակամարմիններով։ 

Շարժվելով արյան կամ ավշային հունով՝ հակամարմիններն ազդում են լիմֆոցիտից ցանկացած հեռավորության վրա գտնվող օտարածին նյութերի վրա։ Հումորալ իմունային պատասխանի հաշվին տեղի է ունենում հարուցիչների ոչնչացում և՛ միջբջջային տարածությունում, և՛ լորձաթաղանթների վրա գտնվող նրանց թույների չեզոքացում։ Սպեցիֆիկ չեզոքացումն իրականացվում է հակածինների և հակամարմինների միացման հաշվին՝ լուծվող և չլուծվող շրջանառող համալիրների առաջացմամբ, որոնք ակտիվացնում են կոմպլեմենտի սպիտակուցների պաշտպանական համակարգը, բարձրացնում են մակրոֆագերի և նեյտրոֆիլների ֆագոցիտային ակտիվությունը, ուժեղացնում են T-լիմֆոցիտների սպեցիֆիկ ցիտոտոքսիկ ազդեցությունը (այսինքն, բարձրանում է բնական քիլլերների ակտիվությունը)։

Հաստատված են հակածնի առաջին և երկրորդ ներմուծումից հետո հակամարմինների կուտակման դինամիկայի մի շարք օրինաչափություններ։ Հակամարմինների խտության առաջին պիկն առաջանում է մի քանի օր անց (իմունային պատասխանի գաղտնի շրջան) և հիմնականում պայմանավորված է իմունոգլոբուլին М-ի (IgM) ուժեղացած սինթեզով։ Նույն հակածնի երկրորդ ներմուծումից հետո պատասխանի ամպլիտուդն ավելի մեծ է, ավելի երկար է տևում և հիմնականում պայմանավորված է իմունոգլոբուլին G-ի (IgG) սինթեզի աճով։ 

Հարուցչի նկատմամբ կայուն իմունիտետի ձևավորումը կապված է G դասի իմունոգլոբուլինների հակամարմինների առաջացմամբ։


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն