• Վիրաբուժական ծառայություններ. վերջույթների վերակառուցման և երկարացման ծառայություն
    Վիրաբուժական ծառայություններ. վերջույթների վերակառուցման և երկարացման ծառայություն
  • Վիրաբուժական ծառայություններ. վերջույթների վերակառուցման և երկարացման ծառայություն
    Վիրաբուժական ծառայություններ. վերջույթների վերակառուցման և երկարացման ծառայություն

Վերջույթների վերակառուցման և երկարացման ծառայություն

Ընդհանուր բնութագիրը

Երևանի՝ վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնը (YCLLR)  ստեղծվել է  2000 թվականին: Լինելով տարածաշրջանում առաջատարը օրթոպեդիայի այդ բնագավառում`կենտրոնն առաջարկում է բնածին և ձեռքբերովի օրթոպեդիկ խնդիրներով երեխաների և մեծահասակների բուժման ժամանակակից մեթոդներ: Արդեն ավելի քան 40 տարի մենք ինտենսիվորեն աշխատում ենք բժշկության այդ բնագավառում: Կենտրոնի ղեկավարը 9 տարի աշխատել և սովորել է Իլիզարովի եղանակը պրոֆեսոր Գավրիլ Իլիզարովի անմիջական ղեկավարությամբ Կուրգանում: Մեր որակավորման մակարդակը թույլ է տալիս մեզ Իլիզարովի եղանակը ներկայացնել տարբեր միջազգային  սիմպոզիումներում, ինչպես նաև Ավստրալիայում, Դանիայում, Նորվեգիայում և ԱՄՆ-ում՝ որակավորման բարձրացման կուրսերին, դասախոսությունների և ցուցադրական վիրահատությունների ձևով:

Բացի օրթոպեդիայի և վնասվածքաբանության  տարբեր խնդիրները հաջողությամբ լուծելուց, մենք նաև զբաղվում ենք ստորին վերջույթների կոսմետիկ երկարացմամբ, ձևի և համամասնության շտկմամբ: Այսօր մեզ մոտ բուժման համար գալիս են աշխարհի տարբեր երկրներից: Պրակտիկ փորձը մեզ թույլ է տվել մշակել ստորին վերջույթների տեսակների սեփական դասակարգումը, ինչն օգնում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հստակեցնել բուժման նպատակը և խնդիրները:

Մեր կենտրոնը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, որը հագեցած է միջազգային պահանջներին համապատասխան բարձր մակարդակով՝  ներառյալ ախտորոշիչ սարքավորումների լայն սպեկտրը (ՄՌՏ, ՀՇ) և հարմարվետ հետվիրահատական հիվանդասենյակները:

Օտարազգի հիվանդների համար դուրս գրումից հետո ամբուլատոր բուժման ընթացքում ստեղծվում է ընտանեկան և հարմարավետ մթնոլորտ, առաջարկվում է սնուցման ռեժիմ, հաշվի են առնվում անհատական նախապատվությունները: Մենք հետևում ենք «Բուժել հիվանդին և ոչ հիվանդությունը» սկզբունքին և առաջարկում ենք ծառայությունների բազմակողմանի սպեկտր՝ ներառյալ հոգեբանական աջակցությունը:

Մեր կենտրոնում առաջարկվում են հետևյալ ծառայությունները.

  • ազդրերի և սրունքների խաչաձև երկարացում,
  • երկարացում ապարատ-մեխ համակարգով,
  • ոտքերի ձևի շտկում ( «О»-աձև  կամ «Х»–աձև ծռության բուժում ),
  • ոտնաթաթի տարբեր ձևախախտումների շտկում,
  • բուժական ֆիզկուլտուրա,
  • լրացուցիչ ծառայությունների տրամադրում:

Ոտքերի վիրաբուժական երկարացման ցուցումները

Ստորին վերջույթների էսթետիկական երկարացումը նախատեսված է նրանց համար, ում ոտքերի երկարությունը և/կամ ձևը հանդիսանում է հոգեկան տառապանքների  պատճառ , ինչը դժվարություններ է առաջացնում նրանց անձնական կամ մասնագիտական կյանքում:

Հիվանդի բնական աճը պետք է ավարտված լինի:  Սակայն որոշ դեպքերում, երբ աճի գոտիները գրեթե լիովին ֆիզիոլոգիապես փակված են, երկարացումը կարող է կարճ ժամանակում խթանել նրանց գործունեությունը աճի հորմոնի սինթեզման խթանման ճանապարհով:  

Երկարացման վերջնական նպատակը պետք է լինի սրունքի և ազդրի, իրանի և վերջույթների ճիշտ համաչափությունը:  Բացի էսթետիկ պահանջներից, այն շատ կարևոր է նաև կենսամեխանիկական տեսանկյունից: Ահա, թե ինչու ենք մենք ցանկանում, որ օտարեկրյա պացիենտները նախնական վերլուծության, ինչպես նաև վիրահատական ցուցումների և բուժման նպատակների ճշտման համար մեզ լուսանկարներ ուղարկեն : Պացիենտները պետք է ներքնաշորով լինեն կամ համարժեք հագուստով հետևյալ դիրքերում (պացիենտի ցանկությամբ կարելի է դեմքը փակել):

Այս տեղեկատվությունը կարող է շատ օգտակար լինել վիրահատական ցուցումների նախնական որոշման, բուժման նպատակների և տեխնիկական մանրամասների, ինչպես նաև բուժման տևողության և արժեքի գնահատման համար:

Հասակի ավելացման էսթետիկական վիրահատություն պլանավորող պացիենտները պետք է սոմատիկ առողջ և չծխող լինեն: Ինչպես նաև, պարտադիր կարգով իրականացվում է հոգեբանական փորձաքննություն՝ պացիենտի հոգեբանական ադեկվատության և մոտիվացիայի մեջ համոզվելու համար:

Ոտքերի ձևի շտկում ( «O» –աձև ծռության բուժում)

Պետք է տարբերել «O»- աձև ծռության իրական և կեղծ տեսակները: Երկու դեպքում էլ սրունքի ներքին ուրվագիծը բավարար արտահայտված չէ: Սակայն սրունքների մաքուր  «O»- աձև  տեսակի դեպքում ոտքերի  տգեղության պատճառը հանդիսանում է մեծ ոլոքի կորությունը, այդ պատճառով ցուցված է ոսկրի շտկող օստեոտոմիա՝ բաց սեպաձև ռեգեներատի ստեղծմամբ՝ դեպի ներս քիչ տեղաշարժմամբ:  Որպես կանոն, այս տեխնիկան բերում է պացիենտի հասակի մինչև 2,5 սմ ավելացման : Կեղծ «O»- աձև  ձևախախտման դեպքում մեծ ոլոքի առանցքն ուղիղ է, կոսմետիկ դեֆեկտը պայմանավորված է փափուկ հյուսվածքներով: Այս դեպքերում սրունքի ներքին ուրվագծի ավելացման դեպքում ցուցված է սիլիկոնային իմպլանտների կիրառումը:  

Ոտքերի ձևի շտկում ( «Х»-աձև ծռության բուժում)

Ոտքերի «Х»-աձև ծռուծության շտկման մեթոդիկան շատ նման է «Օ»-աձև տեսակի շտկմանը: Տարբերությունը սեպի դիրքն է, որը շտկման համար բացվում է դեպի ներս (միջային):  

Զույգ սրունքների երկարացում միևնույն գոտուց (օրական մեկ մմ)

Սրունքների միաժամանակյա երկարացումը միևնույն գոտուց հանդիսանում է մեր պրակտիկայում ամենահաճախ հանդիպող պրոցեդուրաներից մեկը: Այս եղանակի կիրառման ցուցումը հանդիսանում է ազդր/սրունք անհամաչափությունը (կարճ սրունքներ և համեմատաբար երկար ազդրեր): Սա ամենաքիչ անհարմարավետ պրոցեդուրան է պացիենտի համար՝ բարդությունների ամենացածր տոկոսով և կանխատեսվող լավ արդյունքով:

Զույգ սրունքների երկարացում երկու գոտուց յուրաքանչյուր սրունքի համար (օրական երկուական մմ)

Երկու գոտուց երկարացումը կարող է առաջարկվել այն պացիենտներին , ովքեր բավարար ժամանակ չունեն: Այս մեթոդիկան կարող է նվազեցնել ողջ պրոցեդուրայի տևողությունը մինչև 30% : Այս մեթոդի թերություններն են ՝ 1) վիրահատական միջամտության համեմատաբար մեծ ծավալ, 2) փափուկ հյուսվածքների վրա մեծ ծանրաբեռնվածության առաջացում, քանի որ երակարացումը տեղի է ունենում օրական երկուական մմ-ով, հետևաբար պացիենտին անհրաժեշտ է բուժական ֆիզկուլտուրայի ավելի ինտենսիվ կուրս:

Ազդրերի և սրունքների խաչաձև երկարացում

Այս եղանակը ցուցված է հասակը ավելի քան 6-7 սմ երկարացնելու դեպքում: Ազդրի և սրունքի խաչաձև երկարացումը հանդիսանում է երկաստիճան պրոցեդուրա: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Իլիզարովի ապարատի համեմատական մեծության պատճառով զույգ ազդրոսկրերի միաժամանակյա երկարացումը պացիենտի համար հանդիսանում է բավական անհարմարավետ պրոցեդուրա:  Այդ պատճառով առաջին փուլում մենք երկարացնում ենք սրունքը և խաչաձև (կոնտրլատերալ) ազդրը: Առաջին փուլից հետո ոտքերի երկարությունը նույնն է, սակայն ծնկան հոդերը տարբեր մակարդակների վրա են:  Երկարացման երկու փուլերի միջև պացիենտն անցնում է վերականգնողական շրջան, որը սովորաբար տևում է մեկից երեք ամիս:   Հարակից հոդերում շարժունակության վերականգնումից հետո (ծնկան առնվազն 90 աստիճան  ծալում և ոտնաթաթի 90 աստիճան դրսային թեքում), իրակացվում է հակառակ սրունքի և ազդրի նմանատիպ երկարացում, ինչպես ցացադրված է աղյուսակում:

Երկարացում ապարատ-մեխ մեթոդով

Այս մոտեցումը համարվում է համեմատաբար նոր:  Ինտրամեդուլյար (ներոսկրածուծային) մեխը տեղադրվում է երկու արտաքին կիսաօղերով: Դիստրակցիան սովորաբար սկսվում է վիրահատությունից հետո 5-րդ օրը:   Երբ սեգմենտը անհրաժեշտ չափով երկարած է և ռենտգեն հսկողությունը ցույց է տալիս համապատասխան ոսկրագոյացում, իրականացվում է երկրորդ վիրահատությունը, որպեսզի տեղադրվեն սահմանափակող պտուտակներ և հանվեն արտաքին կիսաօղերը:  Այս մեթոդի առավելությունը անշարժացման արտաքին ապարատի կրման անհրաժեշտ ժամանակի կրճատումն է: Թերություններին կարելի է դասել որոշ տեխնիկական դժվարություններ և ներդրվող կոնստրուկցիայի  (մեխի) վարակվելու վտանգը, ինչպես նաև ընդհանուր անզգայացմամբ իրականացվող երեք վիրահատությունների անհրաժեշտությունը:  

Բուժական ֆիզկուլտուրա

Որակավորված բուժական ֆիզկուլտուրան ոչ միայն նպաստում է հոդերում շարժումների ծավալի վերականգնմանը և լիարժեք քայլվածքին, այլ նաև նվազեցնում է բուժման և վերականգնողական շրջանի տևողությունը:  Ֆիզիկական բուժման  արդյունավետության համար մեծ նշանակություն ունի պացիենտի կառուցողական համագործակցությունը բուժական ֆիզկուլտուրայի հրահանգիչի հետ: Պացիենտը պետք է բարձր մոտիվացիա ունենա և ամեն օր աշխատի արդյունքի վրա: Սա հանդիսանում է նվազագույն ժամկետում վերջնական նպատակին հաջողությամբ հասնելու կարևորագույն հիմքը:

Գոյություն ունի բուժական ֆիզկուլտուրայի երեք փուլ, որոնցից յուրաքանչյուրը նշանակալի է յուրովի.

  1. մկանների և ջլերի ձգում վերջույթները երկարացմանը նախապատրաստելու համար,
  2. բուժում երկարացման և ֆիքսացիայի ընթացքում,
  3. բուժական ֆիզկուլտուրա ապարատը հանելուց հետո:

1.   Բուժական ֆիզկուլտուրայի նպատակներն ավելի լավ հասկանալու համար անհրաժեշտ է իմանալ մարդու ազդրի և սրունքի անատոմիայի և կենսամեխանիկայի որոշ առանձնահատկությունների մասին: Ակնհայտ է , որ մկանների տեղաբաշխումը սրունքի շուրջ անհամաչափ է: Մեծ ոլոքի առաջային և ներքին մակերևույթին մկաններ գրեթե չկան, դրա փոխարեն սրունքի հետին և կողմնային մակերևույթներին մկանները լավ են զարգացած: Մեր օրգանիզմի ամենաուժեղ մկանը ձկնամկանն է:

Այն կրունկոսկրին ամրանում է աքիլեսյան ջլի միջոցով: Մեխանիկորեն դիմադրելով երկարացմանը, հատկապես վերջում ՝այս մկանը բերում է ծնկային հոդի ծալմանը և ոտնաթաթի ներբանային դիրքին:  Նայեք մեր առաջին տեսանյութն այն մասին, թե ինչպես նախապատրաստել մկանները ստորին վերջույթների էսթետիկ երկարացմանը , որպեսզի կանխարգելվեն հոդերի շարժունակության հնարավոր սահմանափակումները:

2.    Վերջույթների ֆունկցիայի առավել կարևոր շրջանն սկսվում է վիրահատության հաջորդ օրը: Իլիզարովի մեթոդի առավելություններից մեկն այն է, որ ապարատն ապահովում է ոսկրային ֆրագմենտների հուսալի անշարժացում և անհրաժեշտ ամրություն:  Դա հնարավորություն է տալիս վիրահատության հաջորդ օրը ոտքի կանգնել և սկսել վարժությունների իրականացումը:  Ֆիզիկական թերապիայի նպատակը հոդերի առավելագույն շարժունակության ապահովումն է և վիրահատված վերջույթի հնարավորինս ծանրաբեռնումը:  Թերապիայի ինտենսիվ կուրսը բուժական ֆիզկուլտուրայի հրահանգչի հետ հանդիսանում  է բուժման լավ արդյունքի երաշխիք:  Հիվանդի համար վարժություններն ավելի հետաքրքիր դարձնելու համար մենք հաճախ կազմակերպում ենք միջոցառումներ,  կատարում ուղևորություններ քաղաքի ներսում և քաղաքից դուրս: Դիտեք մեր երկրորդ տեսանյութը, որը երկարացման ընթացքում թերապիայի մասին է:

3.    Ապարատի հանումից հետո բուժական ֆիզկուլտուրան պետք է զգուշությամբ իրականացվի, հատկապես առաջին օրերին, երբ նոր երկարացված ոսկորն այնքան էլ ամուր չէ, որ հակազդի  թեքման ուժերին:  Բուժական ֆիզկուլտուրայի ընթացքում ավելորդ ծանրաբեռնվածությունները կարող են բերել ոսկրային հյուսվածքի ձևախախտման և բացասաբար ազդեն օստեոպորոզային ոսկրերի  հոդային մակերեսների վրա: Որպես կանոն, ինտենսիվ թերապիան մենք խորհուրդ ենք տալիս ապարատը հանելուց մեկ ամիս հետո: Սովորաբար մեկից երեք ամիս է պահանջվում, որպեսզի հոդերում շարժումները լիարժեք վերականգնվեն և քայլվածքը դառնա իդեալական. տեսագրություն:

Շյուղերի խնամք  (վարակի կանխարգելում)

Ներոսկրային օստեոսինթեզին վերաբերվող հատուկ գրականության մեջ նկարագրվող ամենահաճախ հանդիպող բարդություններից մեկը շյուղերի կամ ձողերի շուրջը փափուկ հյուսվածքների բորբոքումն է: Այս բարդությունը կարող է բերել վիրաբուժական միջամտության անհրաժեշտության առաջացման (շյուղերի վերադիրքավորում) և ազդել բուժման ժամկետների վրա: Հիմնականում միայն արտաքին ֆիքսատորների առկայության դեպքում այն մեծ խնդիր չէ և չի ազդում վերջնական արդյունքի վրա:  Ապարատ/մեխ եղանակի դեպքում  վարակն ավելի վտանգավոր է և կարող է բերել ծայրահեղ տհաճ հետևանքների առաջացման:

Գոյություն ունի շյուղերի շուրջ վարակի կանխարգելման սկզբունքորեն տարբեր երկու մոտեցում՝ շյուղերի, ձողերի մուտքի հատվածների վիրակապում՝ հակասեպտիկներով  բինտային վիրակապերով և այդ հատվածների բաց վարում՝ բերանացի հակաբիոտիկների կիրառմամբ: Չնայած, որ առաջին մոտեցումը աշխատատար և ծախսատար է, մենք միանշանակ նախընտրում ենք այն, հատկապես իմպլանտանտի առկայության դեպքում(ապարատ/մեխ եղանակ): Մեր ուղեցույցի համաձայն պացիենտի յուրաքանչյուր ցնցուղից կամ ջրային պրոցեդուրայից հետո մենք վիրակապում ենք կատարում:  Դրա շնորհիվ վարակային բարդությունների տոկոսը մեզ մոտ շատ ցածր է:  (տեսանյութ)

 

Գործընկերները

«Արմավենի» բարեգործական հիմնադրամ
www.armaveni.am
info@armaveni.am

Soleil Travel
ilizarov@soleil-travel.com
ilizarov.soleil.travel@gmail.com

Ներկայացուցիչը
 
Մարինա Կոզլիներ (Իսրայել)
Հեռ.՝  +972507641751
Էլ. հասցե՝ mar_isr@yahoo.com